Գերմանիայի դաշնային կառավարությունը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ նա չի կարող G20-ի սամմիթից հետո ելույթ ունենալ թուրքերի առաջ Համբուրգում՝ գրում է Die Welt-ը: Թուրքիայի նախագահը մտադիր էր ելույթը նվիրել անցյալ տարվա հուլիսին կանխված պետական հեղաշրջման տարելիցին, բայց Գերմանիայի կառավարությունը խաչ դրեց նրա ծրագրերի վրա:
Ճիշտ է, որ գերմանական հողում որևէ հանդիսավոր արարողություն չպիտի լինի ի նշանավորումն ձախողված ապստամբության: Ի վերջո, հուլիսի 15-ը նաև այն ամսաթիվն է, որից սկսվեց ազատությունների մայրամուտը Թուրքիայում: Դա հազարավոր պետծառայողների, ուսուցիչների, դատավորների, սպաների ու լրագրողների ձերբակալությունների տարելիցն է: Ավտոկրատ ռեժիմի կառուցման սկիզբը, որի նախապատրաստությունը, ակներևաբար, վաղուց էր սկսվել ու մեծ խնամքով: Գերմանիան իրավունք չունի մասնակցել տոնական միջոցառումներին այդ առիթով:
Անկարան արգելքը ընդունեց զայրույթով՝ բողոքելով հավաքների ազատության սահմանափակումից: Նման հավակնությունները առավել փաստարկված կլիներ ներկայացնել Թուրքիայում: Նախագահ Էրդողանը ոչ մի իրավունք չունի Գերմանիայում իրեն պահել ինչպես իր տանը: Էրդողանն ուզում է հասնել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացմանը և խթանել թուրքական տնտեսության զարգացումը: Գերմանիան կարող է այդ նպատակների իրականացման գործընկեր դառնալ: Եթե, իհարկե, Թուրքիան հրաժարվի իր պրակտիկայից` արգելել գերմանացի պատգամավորներին հանդիպել ՆԱՏՕ-ի ռազմաբազաներում բունդեսվերի զինծառայողներին, լրագրողներին ճաղերի հետևում պահել և ոտնահարել մարդու իրավունքները: Մնում է հուսալ, որ Էրդողանը հասկացել է Բեռլինի ուղերձը:.
Տորստեն ԿՐԱՈՒԵԼ, Die Welt
Հ.Գ. Պետք չէ հուսալ, Էրդողանը հասկանում է այն, ինչ պետք է իրեն, իսկ չհասկանալու ապացույցը Համբուրգ նրա հետ մեկնող պատվիրակությունն է՝ 250 մարդ, կեսը սպասարկող անձնակազմ: Սուլթանը Համբուրգ է մեկնում ոչ թե հասկանալու, այլ՝ հասկացնելու, բայց այնտեղ նա չի լինելու գլխավորը, այլ՝ ԱՄՆ նախագահը և Գերմանիայի կանցլերը: Մնացածը շքախմբի անդամներ են լինելու:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ